«Ժառանգության» կոչը ՀՀ Նախագահին վետո դնել օտարալեզու դպրոցների բացում նախատեսող օրենքների վրա
- Target:
- ՀՀ Նախագահին
- Region:
- Armenia
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է եւ կարողացել է Ազգային ժողովով անցկացնել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում այնպիսի փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում օտարալեզու հնարակրթական դպրոցներ հիմնել։
Խնդրում ենք դիմումի կողմնակիցներին միանալ դրան։ Դրա համար սեղմե՛ք Sign the petition լրացրե՛ք պահանջվող դաշտերը, այդ թվում եւ Verification Code-ում պատկերված գրանշանները եւ սեղմե՛ք Sign։
«Ժառանգությունը» ՀՀ Նախագահին կոչ է անում վետո դնել օտարալեզու դպրոցների բացում նախատեսող օրենքների վրա
24 դեկտեմբերի, 2010թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չստորագրել դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները եւ դրանք առարկությամբ վերադարձնել Ազգային ժողով:
«Ժառանգություն» խմբակցության նամակի ամբողջական տեքստը բերվում է ստորեւ.
«Այն նույն տարում, երբ համաշխարհային հանրությունը մոլորակի մշակութային եւ լեզվական հարցերով զբաղվող ամենահեղինակավոր մարմնի` UNESCO-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական լեզվի ճյուղերից մեկը` գրական արեւմտահայերենը հայտարարում է աշխարհի անհետացող, վտանգված լեզուների շարքում եւ զգաստության կոչ հնչեցնում աշխարհի ամենահին եւ ամենահարուստ գրական լեզուներից մեկի ճակատագրի վերաբերյալ՝ այդ նույն լեզվի համար ամենամեծ պատասխանատվություն կրող ՀՀ կառավարությունը եւ Ազգային Ժողովը ոչ միայն չեն արձագանքում այս անպատվաբեր եւ վտանգավոր իրավիճակին եւ անհապաղ միջոցներ ձեռնարկում` ամրապնդելու պետական լեզվի ճյուղերից մեկը, այլեւ իրենք են միանում ազգակործան ընթացքին եւ փորձում հիմքեր ստեղծել պետական լեզվի նաեւ մյուս ճյուղի խարխլման համար` սրանով ցույց տալով իրենց կատարյալ սնանկությունը եւ անհամապատասխանությունն ազգի առջեւ կանգնած հոգեւոր-մշակութային անվտանգության աննախադեպ մարտահրավերին:
«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու ընթացքում օրենսդրական եւ դատական իշխանությունները լիովին դրսեւորվեցին որպես գործադիր իշխանության կամակատարներ, մեր ազգի ինքնությունը, ապագան եւ անվտանգությունը վտանգող, մեր երկրի շահերը եւ արժանապատվությունը ոտնահարող դավադիր նախագծի ջատագովներ։
Օրինագիծը պարունակում է բազմաթիվ իրավաբանական հակասություններ, չի լուծում իր առջեւ դրված խնդիրները` փոխարենն առաջացնելով ծայրաստիճան վտանգավոր հետեւանքներ:
Մասնավորապես, այն՝
-հակաօրինական է, քանի որ մասնավոր դպրոցների թվի սահմանափակումը ստեղծում է մենաշնորհ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածին:
-հակաօրինական է, քանի որ հակասում է ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիային: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի «բ.» մասը նշում է, որ «էական նշանակություն ունի, առաջին հերթին, ծնողների` իրենց երեխաների համար հանրային իշխանությունների կողմից պահվող ուսումնական հաստատություններից բացի այլ ուսումնական հաստատություններ ընտրելու ազատության հարգումը»: Ի տարբերություն բուհական կրթության, երբ Կոնվենցիայի 4-րդ հոդվածը պահանջում է միայն «բարձրագույն կրթությունը դարձնել բոլորի համար հավասարապես մատչելի` ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների», այսինքն՝ թույլ է տալիս ընտրություն` ըստ ընդունակությունների, ապա դպրոցների դեպքում իրավիճակն այլ է: Կոնվենցիան այս դեպքում պահանջում է «միջնակարգ կրթությունն, իր տարբեր ձեւերով, դարձնել բոլորի համար հնարավոր եւ մատչելի»: Քանի որ տվյալ դպրոցը կարող է ունենալ միայն սահմանափակ քանակությամբ աշակերտներ, ապա օտարալեզու դպրոցների քանակը որեւէ թվով սահմանափակելու դեպքում, խախտվում է օտարալեզու դպրոցների, որպես միջնակարգ կրթության ձեւերից մեկի՝ բոլորի համար հասանելի լինելու սկզբունքը:
-հիմնված է այն սխալ տեսակետի վրա, թե, իբր միջազգային ծրագիրը կարող է իրականացվել միայն օտար լեզվով, այն դեպքում, երբ միջազգային կրթական ծրագրերի ամենից արդյունավետ ու անվտանգ ձեւը նրանց թարգմանությունն է մայրենի լեզվով, ինչը թույլ է տալիս այդ առաջատար փորձի անկաշկանդ տարածումն ամբողջ կրթական համակարգի վրա:
-հակասում է կրթական ոլորտի զարգացման ընդունված միջազգային մոտեցումներին, որոնց բնորոշ է որակյալ կրթության ապահովումը բոլորի համար՝ մայրենի լեզվի հիման վրա: Օտարալեզու դպրոցների դեպքում` որակյալ կրթությունը, ներառյալ օտար լեզուների լավ իմացությունը, կդառնա միայն նրանց բնորոշ հատկանիշ:
-վտանգավոր է հայերենի ապագայի համար, քանի որ ստեղծում է օտարալեզու վերնախավ, ու համընդհանուր «վազք» դեպի օտարալեզու դպրոցներ` դրանով խիստ նվազեցնելով հայերենի վարկանիշը ու դարձնելով այն ստորին խավի լեզու: Նման իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է արեւմտահայերենի դեպքում, որին ՅՈՒՆԵՍԿՈ-ն տվել է վտանգված լեզվի կարգավիճակ, հիմնականում այն պատճառով, որ ծնողները Սփյուռքի երկրներում գերադասում են երեխաներին տալ օտարալեզու կրթություն:
-չի լուծում սույն օրինագծի առջեւ դրված հիմնական ռազմավարական խնդիրը, այն է՝ Հայաստանին բոլոր անհրաժեշտ լեզուներին (այդ թվում՝ թուրքերենին, պարսկերենին, վրացերենին, արաբերենին, չինարենին եւ այլն) տիրապետողներ ունենալու հարցը, որը կարող է լուծվել պարզապես տվյալ լեզվի առավել խորությամբ դասավանդման միջոցով։ Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` հենց այդ միջոցն օգտագործվելու է թուրքերենի դասավանդման դեպքում: Նույն եղանակը պետք է օգտագործվի նաեւ մնացած բոլոր լեզուների դասավանդումը բարելավելու համար:
-վտանգավոր է ազգային անվտանգության համար, քանի որ խաթարում է հայերենի դիրքերը` որպես բանակի միասնական լեզու:
-կնպաստի արտագաղթի աճին, քանի որ իր ապագայի մասին որոշումների կայացման տարիքում աշակերտը կհայտնվի օտարալեզու մշակույթի ուժգին ազդեցության տակ, ինչը մեծ հավանականությամբ նրան կմղի դեպի արտասահման:
-կթուլացնի երկիրը` բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական եւ մշակութային հատվածների:
-կքայքայի ազգային ինքնությունը` դժվարացնելով քաղաքացիական արժեքների զարգացումը ու դիրքորոշման արտահայտումը:
-կառաջացնի կրկնակի ծախսեր, այսպիսով կնվազեցնի արդյունավետությունը եւ չի տա հնարավորություն՝ ժամանակն ու ռեսուրսներն ուղղելու դեպի առաջնահերթ խնդիրների լուծումը:
Կոչ ենք անում Ձեզ Ազգային ժողով վերադարձնել այս վտանգավոր օրինագիծը՝ հետեւյալ առաջարկներով․
ա. չկատարել որեւէ փոփոխություն «Լեզվի մասին» օրենքում, այսինքն՝ հրաժարվել օրենքի 2-րդ հոդվածի լրացումից,
բ. «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծում հրաժարվել հոդված 2-ից եւ հոդված 3-ից, այսինքն պահպանել գրական հայերենը` որպես հանրակրթության միակ լեզու եւ հրաժարվել օտարալեզու միջազգային դպրոցներից:
գ. հանձնարարել Կառավարությանը կատարել անհրաժեշտ աշխատանք` որակյալ միջազգային կրթական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային Բակալավրիատի, լիակատար տեղայնացման համար:
դ․ հանձնարարել Կառավարությանն ուժեղացնել եւ ընդլայնել օտար լեզուների դասավանդման համակարգը Հայաստանի դպրոցներում` միաժամանակ բացառելով որեւէ օտար լեզվի թվային անհամամասնական առավելությունը Հայաստանի հանրակրթական ոլորտում դասավանդվող լեզուների շարքում»։
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Գրասենյակի նոր հասցեն է` Երեւան 0002, Մոսկովյան 31, բն. 76ա: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության հեռախոսով` (37410) 53.69.13, հեռապատճենով` (37410) 53.26.97, էլ. փոստովª office@heritage.am, info@heritage.am
You can further help this campaign by sponsoring it
The «Ժառանգության» կոչը ՀՀ Նախագահին վետո դնել օտարալեզու դպրոցների բացում նախատեսող օրենքների վրա petition to ՀՀ Նախագահին was written by Ruben and is in the category Education at GoPetition.